ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի համոզմամբ՝ Հայաստանի սահմանը հատելիս ՊՇՌ թեստի մեթոդով կորոնավիրուսի ախտորոշման անալիզ հանձնելու պահանջը բիզնես ենթատեքստ չունի: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց՝ այդ պայմանն անհրաժեշտ է համավարակը զսպելու համար:
«Այս մոտեցումն, իհարկե, քաղաքացիների համար լրացուցիչ ֆինանսական բեռ է ստեղծում, բայց անհրաժեշտ է վիրուսի տարածումը կանխելու համար: Աշխարհը փորձում է համավարակի պայմաններում վերադառնալ բնականոն կյանքի: Անհնար է սահմանները տարիներով, ամիսներով փակ պահել, ուստի մարդիկ լուծում են որոնում: Դրանցից մեկը ՊՇՌ մեթոդով թեստավորումն է»,- ասաց նախարարը: